ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նա պարտավոր է ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքների պահպանումը և իշխանության մարմինների բնականոն աշխատանքը: Նախագահը լիազորված է լինել Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը:
Հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից Նախագահի և նրա իրավասությունների մասին

Հոդված 49
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահն ապահովում է Սահմանադրության պահպանումը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Հոդված 55
Հանրապետության Նախագահը՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.
4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորներիվստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին: Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականն ընդունելուց հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչև նոր կառավարության կազմավորումը.
5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
6) կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամչեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
8) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
10) նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում (երեք ամիս) սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ: Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
11) արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին, դադարեցնում է նրանց լիազորությունները, համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորներին.
11.1) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան- գիտնական անդամներ.
12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
16) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
17) ներում է շնորհում դատապարտյալներին:

Հոդված 56
Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում։

Հոդված 61
Հանրապետության Նախագահն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը: Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 74.1
Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովն երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Հոդված 81
Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,
ե) որոնցով նախատեսված է վավերացում,
զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.
3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության նախագահը: Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Հոդված 83.2
Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 85
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Հանրապետության նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում: Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին` վերջինիս բացակայության ժամանակ: Վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության նախագահի հրամանագրով:

Հոդված 86
Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հանրապետության նախագահը: Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:
Հանրապետության նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով և դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը պարզելու համար։

Հոդված 111
Սահմանադրությունն ընդունվում է կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում: Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, և այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։

____

Պետականության ճգնաժամը Հայաստանում կարող է հաղթահարվել միայն քաղաքացիական հասարակության և այն քաղաքական ուժերի համատեղ ջանքերով, ովքեր իրականում ընդդիմադիր են իշխող կուսակցությանը և նրա արբանյակներին:

Պետության նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու, ազգի ներսում պառակտումը վերացնելու, պետության արտաքին եւ ներքին գործերում կարգ հաստատելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է.

քաղաքացիական հասարակության հետ միասին`
հեռացնել քրեական օլիգարխիային գործադիր և օրենսդիր իշխանությունից,
Քրեական օլիգարխիային օրենսդիր և գործադիր իշխանություններից հեռացնելու համար անհրաժեշտ է լուծարել այն կուսակցությունները, որոնց միջոցով օլիգարխիան վերահսկում է Ազգային ժողովը և Կառավարությունը: Հանրահայտ է, որ այդ կուսակցությունները ընտրությունների ընթացքում զանգվածաբար կաշառել են ընտրողներին: Ընտրողին կաշառելը քրեական հանցանք է: Ըստ օրենքի, այն կուսակցությունները, որոնք թույլ են տվել Սահմանադրության կոպիտ խախտում, ենթակա են լուծարման: Դրանց լուծարման մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանը: Գործող սահմանադրական նորմերի համաձայն, կուսակցության լուծարման դեպքում Ազգային ժողովում նրա պատգամավորական խմբակցության և կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորների լիազորությունները դադարեցվում են: Այնուհետև, Ազգային ժողովի թափուր տեղերի համար անց են կացվում լրացուցիչ ընտրություններ:

Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, պարտավոր է ինքնալուծարման պահանջով դիմել քրեաօլիգարխիայի վերահսկողության տակ գտնվող կուսակցություններին: Եթե հակասահմանադրական կուսակցությունները հրաժարվում են կատարել այդ պահանջը, Հանրապետության Նախագահն իրավունք ունի ստեղծել հատուկ հետաքննչական հանձնաժողով` որոշելու ընտրողներին կաշառելու համար այդ կուսակցությունների սահմանադրական պատասխանատվությունը: Հասարակության աջակցությամբ հնարավոր կլինի կարճ ժամկետում հավաքել ապացույցներ այն մասին, որ ընտրական իրավունքի խախտումները եղել են կանխամտածված, նպատակաուղղված, կանխորոշված և կազմակերպված գործողություններ, որոնցում ուղղակի կամ անուղղակի ներգրավված են եղել այդ կուսակցությունների անդամների մեծ մասը:

Հանրապետության Նախագահն իրավունք ունի դիմել սահմանադրական դատարան` ընտրողների զանգվածային կաշառման համար պատասխանատու կուսակցությունների լուծարման պահանջով: Սահմանադրական դատարանը պարտավոր է ուսումնասիրել Սահմանադրության հիմնարար նորմերի խախտումների վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի ներկայացրած ապացույցները: Օրենքի համաձայն, դատարանը պետք է իր որոշումը կայացնի Նախագահի դիմումից հետո երեք ամսվա ընթացքում:

Ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու նպատակով, Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետի պաշտոնի հավակնորդին որոշելիս երկրում անցկացնել հասարակական կարծիքի հարցում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վստահություն չեն հայտնում վարչապետի տվյալ թեկնածուին, ապա Նախագահը կարող է առաջարկել Ազգային ժողովին` որոշում կայացնել վաղաժամկետ արձակման մասին և նշանակել նոր ընտրություններ:

Քաղաքացիական հասարակությունը և Նախագահը համատեղ ջանքերով կարող են ապահովել պայմաններ ազատ և ազնիվ ընտրություններ անցկացնելու համար, որոնք թույլ կտան լիովին հեռացնել քրեական օլիգարխիային օրենսդիր և գործադիր իշխանությունից:

ստեղծել սահմանադրական երաշխիք հետագայում ժողովրդավարական կարգը պահպանելու համար,
Ժողովրդավարական կարգը հետագայում պաշտպանելու համար սահմանադրական երաշխիքներ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է վերանայել Սահմանադրությունը: Գործող Սահմանադրությունը թույլ է տալիս մեկ քաղաքական ուժի (կուսակցության կամ կուսակցությունների միավորման) իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ օրենսդիր և գործադիր իշխանությունը, ինչպես նաև` վերահսկել դատական իշխանությունը: Նախագահի պաշտոնը զբաղեցնող և պատգամավորական մանդատների մեծամասնությանը տիրող քաղաքական ուժը, ըստ Սահմանադրության, բացառիկ իրավունք է ստանում առաջադրել, նշանակել կամ հաստատել անձանց պետության բոլոր առանցքային պաշտոններում:

Սահմանադրությունն ընդունվում կամ փոփոխություններ է կրում հանրաքվեի միջոցով, Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվե նշանակում է Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Քանի որ Նախագահն իրավունք ունի հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, նա կարող է պատգամել իր այդ լիազորությունը քաղաքացիներին:

Հանրապետության Նախագահն իր առաջին հրամանով պարտավոր է հրավիրել Սահմանադիր ժողով, հաստատել դրա ընտրման կարգը, լիազորությունները և աշխատակարգը: Սահմանադիր ժողովը կարող է կազմվել 82 պատգամավորից: Հանրապետության Նախագահը Սահմանադիր ժողովում կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ և խորհրդակցական ձայնի իրավունք: Սահմանադիր ժողովի 41 պատգամավոր կարող են ընտրվել գործող ընտրատարածքներից, մնացած 41-ը կարող են նշանակվել Նախագահի կողմից` քաղաքացիական հասարակության առաջարկությամբ: Ընտրված Նախագահի կողմից պաշտոն ստանձնելուն նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական հասարակությունը կարող է գումարել բաց հասարակական խորհրդաժողով` հստակեցնելու իր կողմից առաջարկվող պատվիրակների առաջադրման մեխանիզմները և օրինական ընտրությունը:

Հանրապետության Նախագահը կարող է առաջարկել կնքել Հանրային պայմանագիր, որն իր մեջ կներառի քաղաքացու իրավունքների հռչակագիրը, պետության կառավարման քաղաքական սկզբունքները, պետության կառավարմանն ուղղակի մասնակցելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու քաղաքացու պարտավորությունները: Սահմանադիր ժողովի կողմից հաստատվելուց հետո Հանրային պայմանագիրը բաց կլինի բոլոր քաղաքացիների կողմից ստորագրվելու համար: Այն քաղաքացիները, ովքեր կմիանան Հանրային պայմանագրին, իրավունք կստանան հանդես գալ Սահմանադիր ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ և ուղղակիորեն մասնակցել նոր Սահմանադրության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

սահմանել հասարակական վերահսկողություն ազգային հարստության նկատմամբ,
Ազգային հարստության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է.

- իրականացնել հանրային հսկողություն հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության նկատմամբ,

- պետությանը վերադարձնել Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն ճանապարհով կուտակված անօրինական հարստությունը,

- վերանայել երկրի բնական ռեսուրսների, ստրատեգիական ենթակառուցվածքների համակարգերի և օբյեկտների օգտագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք կնքել է քրեական օլիգարխիան Երրորդ Հանրապետության անունից,

- հետաքննել Հայաստանի արտաքին պարտքի ձևավորման և միջազգային վարկատուներից ստացված վարկային ռեսուրսների նպատակային օգտագործման հանգամանքները:

Այս գործընթացն իրականացնելու համար Նախագահը պարտավոր է հաստատել լիազորություններ և աշխատակարգ հատուկ հանձնաժողովների համար, որոնց կազմում մեծամասնություն են լինելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Քաղաքացիական հասարակությունը պետք է հրավիրի բաց խորհրդաժողով և ինքնուրույն որոշի այդ հանձնաժողովներում իր ներկայացուցիչների առաջադրման, ընտրման և հետ կանչման ժողովրդավարական մեխանիզմները: Հատուկ հանձնաժողովների գործունեությունը պետք է բաց լինի հանրության առջև, իսկ հետաքննությունների արդյունքները պետք է հիմք դառնան պետական իշխանության մարմինների կողմից պարտադիր համապատասխան որոշումներ կայացնելու համար:

- Պաշտոնատար անձանց սեփականության նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու իրավական հիմքը գործող Սահմանադրությունն է, որն արգելում է Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին և Կառավարության անդամներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հետևաբար, Նախագահը պարտավոր է Սահմանադրության պահանջով ստեղծել հսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք անվերապահ երաշխիքներ կտան քաղաքացիներին այն մասին, որ պետության ղեկավարներից որևէ մեկը չի կարողանա օգտագործել իր դիրքն անձնական նպատակներով:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն, պաշտոնատար անձի սեփականության`իր օրինական եկամուտները գերազանցող ավելացումը, որն անձը չի կարողանում ողջամիտ հիմնավորել, համարվում է նրա ապօրինի հարստացում: Այս կանոնի կիրառումը Հանրապետության գոյության ընթացքում հանրային պաշտոններ զբաղեցրած անձանց նկատմամբ հնարավորություն կտա ի հայտ բերել հարստության ապօրինի կուտակման արդյունք հանդիսացող սեփականությունը:

Անօրինական սեփականության այն տերերին, ովքեր կամովին կընդունեն իրենց մեղքը և կհամագործակցեն հետաքննության ընթացքում, Նախագահն իրավունք ունի առաջարկել այդ սեփականության նկատմամբ իրավունքի պահպանում` դրա ամբողջ արժեքը հինգ տարվա ընթացքում պետությանը հատուցելու պայմանով: Այս կանոնը չի կարող տարածվել բարձրաստիճան այն պաշտոնյաների վրա, որոնք իշխանության ղեկին գտնվելու ամբողջ ընթացքում նախաձեռնել են կոռուպցիոն գործունեություն կամ հանդիսացել են նման գործունեության հովանավոր:

Երկրի բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ ժողովրդի ինքնուրույնությունը պաշտպանող ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի խախտումները կարող են հիմնավորում լինել այդ ռեսուրսների, ստրատեգիական ենթակառուցվածքների համակարգերի և օբյեկտների օգտագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի վերանայման համար: Նման խախտումները կարող են նաև հիմք հանդիսանալ վերանայելու համար արտաքին վարկատուների հետ կնքված պայմանագրերը:


քաղաքական ուժերի հետ միասին`
հաստատել ազգային եկամտի արդարացի բաշխում,
Ազգային եկամուտն արդար բաշխելու համար պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա.

- ընդերքը և չվերականգնվող բնական ռեսուրսները հավասարաչափ պատկանում են ներկա և ապագա սերունդներին, այդ պատճառով ընդերքի և չվերականգնվող բնական ռեսուրսների շահագործումից ստացված ազգային եկամուտը չպետք է դուրս հանվի պետության սահմաններից և բնական ռեսուրսների արդյունահանման արդյունքին համարժեք պետք է կուտակվի որպես ազգային պաշար ոսկե կամ այլ ստրատեգիական պահուստների տեսքով,

- աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն և քանի դեռ երկրում կա աղքատություն, պետությունը չի կարող հարկել բնակչության սպառողական ծախսերը (ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ), բացառությամբ պերճանքի առարկաների, ալկոհոլային ապրանքների և ծխախոտի,

- հասարակության տնտեսական գործունեության նպատակն իր նյութական պահանջների բավարարումն է, այդ իսկ պատճառով պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր մարդու արդար վարձատրություն և աշխատանքի նորմալ պայմաններ, ինչպես նաև` ապահովել միատեսակ պայմաններ աշխատանքային ավելի բարձր աստիճանի առաջ քաշման համար` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիման վրա,

- հասարակությունն ընդունում է տնտեսական գործունեությունից շահույթ ստանալու մասնավոր ձեռնարկատերերի իրավունքը, երբ մասնավոր ձեռնարկատերերն էլ ընդունում են կայուն զարգացման համար հասարակության առջև իրենց պատասխանատվությունը, այդ պատճառով մասնավոր ձեռնարկատերերի համար ազգային վարկային ռեսուրսների հասանելիությունը պետք է ուղիղ համեմատական լինի շահույթի այն ծավալին, որը նրանք ուղղում են իրենց ձեռնարկությունների զարագացմանը կամ ավանդադրում են ազգային զարգացման ֆոնդերում,

- արտադրական ռեսուրսների ճակատագիրը չի կարող կախված լինել մարդկանց նեղ խմբի կամքից, այդ պատճառով խոշոր ձեռնարկություններն անպայման պետք է լինեն կոլեկտիվ սեփականություն, իսկ քաղաքացիները պետք է ունենան առաջնահերթ հնարավորություն իրենց խնայողությունները ներդնելու ազգային բաժնետիրական ընկերություններում, որոնց գործունեությունը պետք է լինի պետության և հասարակության հսկողության ներքո:

Զարգացման իրավունքը մարդու անքակտելի իրավունքն է, որով յուրաքանչյուր ոք և բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն մասնակցել այնպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացման, որի դեպքում կարող են լիովին իրականանալ մարդու բոլոր իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև աջակցել այդ զարգացմանը և օգտվել դրա բարիքներից (Զարգացման իրավուքի մասին ՄԱԿ հռչակագիր, 1980 թ.): Հանրապետության Նախագահը պետք է իշխանության մարմինների գործունեությունն այնպես ուղղորդի, որ պետության տնտեսական քաղաքականության սկզբունքները լիովին ծառայեն յուրաքանչյուր քաղաքացու զարգացման իրավունքի իրականացմանը:

ապահովել պայմաններ քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար,
Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել պետության, մասնավոր կապիտալի սեփականատերերի և ամբողջ հասարակության ջանքերը: Դրա համար 2013 թվականին Հայաստանում պետք է մշակվի և իրագործվի “2014-2020 թվականների ազգային զարգացման յոթնամյա ծրագիր”, որն անպայման պետք է բովանդակի հետևյալ նպատակները.

- ավելացնել բնակչության թիվը մինչև չորս միլիոն մարդ,

- հասցնել տարեկան համախառն ազգային եկամուտը մինչև 60 միլիարդ ԱՄՆ դոլարի,

- ապահովել աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն,

- ապահովել քաղաքային բնակարաններով և աշխատանքով քաղաքներում բնակչության 90 տոկոսին,

- բժշկական բոլոր ծառայությունները դարձնել հասանելի ամբողջ բնակչության համար,

- կարիքավոր բնակչության բոլոր կատեգորիաները ներառել արդյունավետ սոցիալական պաշտպանվածության ծրագրերում,

- երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,

- ապահովել անհրաժեշտ պայմաններ բնակչության մշակութային զարգացման համար,

- հասնել լիարժեք պարենային անվտանգությանը,

- ամբողջությամբ փոխարինել ներմուծվող սպառողական ապրանքները և ծառայությունները ազգային արդյունաբերության արտադրանքով,

- ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության զարգացման համար,

- ընդլայնել անտառածածկույթի մակերեսը մինչև երկրի տարածքի 25 տոկոսը,

- ստեղծել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակ,

- ստեղծել Ազգային Գվարդիա` որպես Զինված Ուժերի մշտապես գործող պահեստազոր,

- կազմակերպել զենքի ու զինամթերքի հայրենական արտադրություն:

Ազգային զարգացման յոթնամյա ծրագիրը պետք է դառնա պետական, մասնավոր և հասարակական ներդրումների, արտադրության ծավալների, գնագոյացման մեխանիզմների և այլ տնտեսական լուծումների համաձայնեցված ծրագիր, որը հնարավորություն կտա միավորել պետության և մասնավոր ձեռնարկատերերի ջանքերը` հասնելու Հայաստանի լրիվ տնտեսական անկախության և ապահովելու արժանապատիվ կյանք երկրի բնակչության համար: Հանրապետության Նախագահը պարտավոր է ապահովել իշխանության մարմինների, պետական հաստատությունների, մասնավոր ձեռնարկատերերի և հասարակության անհրաժեշտ փոխհամագործակցությունը` 2013 թվականի ընթացքում այս ծրագրի բոլոր մանրամասների մշակման և համաձայնեցման համար:

հասնել համազգային միավորման,
Համազգային միասության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային իրավական դաշտ, որում սահմանված կլինեն համայն հայության բոլոր հատվածերի իրավունքներն ու պարտականությունները միմյանց նկատմամբ: Այդ նպատակով Հայաստանը պետք է օրինականացնի իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ և ճանաչի Սփյուռքի քաղաքական կարգավիճակը:

1991 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը, հակառակ օրենքի գերակայության սկզբունքի, ընդունեց Սահմանադրական ակտ Ադրբեջանի պետական անկախության մասին: Ընդ որում, Ադրբեջանի Հանրապետության իշխանություններն

- ինքնակամ ճանապարհով քաղաքացիությունից զրկեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին,

- խախտեցին նրանց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, այդ թվում` ԽՍՀՄ օրենսդրությամբ պաշտպանված, իր պետա-իրավական կարգավիճակն ինքնուրույն որոշելու ԼՂԻՄ բնակչության և իր բնօրրանում համահավաք ապրող բնիկ հայ բնակչության իրավունքները,

- զրկեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքի իրականացումից, լուծարեցին ԼՂԻՄ-ը, շրջափակեցին Լեռնային Ղարաբաղը և ուժ կիրառեցին ազատության ու անկախության համար պայքարող նրա բնակչության նկատմամբ:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քաղաքական սուբյեկտ է, որի իրավունքները ճանաչված չեն որևէ պետության կողմից: Հայաստանը, ինչպես և յուրաքանչյուր պետություն, պարտավորություն ունի օգնություն ցուցաբերել այն ժողովուրդներին, որոնք ձգտում են հասնել իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Այդ պատճառով, ոչ մի պետություն չի կարող վիճարկել Հայաստանի իրավունքը` հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Ըստ այդմ, Հայաստանն իրավունք ունի և պարտավոր է օրինականացնել իր հարաբերությունները ԼՂՀ հետ: Իրավական կարգավիճակի ճանաչված լինելու յուրաքնչյուր մարդու իրավունքը ճանաչված է յուրաքանչյուր պետության կողմից: ԼՂՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի, ինչպես նաև` նրանց անքակտելի իրավունքների և ազատությունների ճանաչումը Հայաստանի համար հանդիսանում է միջազգային իրավունքի համաձայն իր պարտավորությունների կատարում: Հայաստանից բացի, այլ պետություններ ևս, օրինակ ԱՄՆ-ն, օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին եւ դա անում են բաց ու օրինական: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հարաբերությունների չօրինականացվածությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Հետևաբար, այդ հարաբերությունների օրինականացումը հնարավորություն կտա վերացնել համազգային նշանակություն ունեցող հարցում հակասահմանադրական դրությունը և ստեղծել իրավական դաշտ, որը կորոշակիացնի Հայաստանի և ԼՂՀ փոխհարաբերություններում միմյանց իրավունքներն ու պարտականությունները:

Հանրահայտ է, որ Օսմանյան Կայսրությունը 1918 թվականին պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում: Հաղթող տերությունները Հայաստանը ճանաչեցին անկախ պետություն: Նրանք պահանջեցին Թուրքիայից և Հայաստանից` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում հայ-թուրքական սահմանի հաստատման, այդ սահմանին հարող օտտոմանյան տարածքի ապառազմականացման և Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելու մասին հարցերը փոխանցել միջնորդ կողմի` Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը: 1920 թվականին Թուրքիան ուժով ստիպեց Հայաստանին ճանաչել իր այսօրվա սահմանը և հրաժարվել իր անկախությունից:

Սփյուռքի մեծ մասը 1915 թ. Օսմանյան Կայսրության կողմից զանգվածային բնաջնջումից վերապրած հայերի ժառանգներն են: Օսմանյան Կայսրությունում հայերը համարվում էին այդ պետության բնիկ ժողովուրդը: Այսօր Օսմանյան Կայսրության հայերի ժառանգները տիրապետում են համընդհանուր ճանաչված բնիկ ժողովուրդների իրավունքներին: Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական, բարոյական և իրավական պարտավորություն` հարգել Օսմանյան Կայսրության հայերի ժառանգների իրավունքները: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ընդունի, որ Օսմանյան Կայսրության հայերի ժառանգների օրինական իրավունքներին վերաբերող Հանրապետության իշխանությունների որևէ որոշում առանց այդ ժառանգների օրինական ներկայացուցիչների կողմից հաստատման չի կարող իրավական ուժ ունենալ: Դրա համար Հայաստանը պետք է ճանաչի իր պատվիրակներին ընտրելու Սփյուռքի իրավունքը և հնարավորություն տա Հայաստանում ստեղծելու Սփյուռքի ներկայացուցչություն:

Հանրապետության Նախագահը պարտավոր է ապահովել քաղաքական ուժերի համագործակցությունն այնպիսի անհրաժեշտ պետական որոշումներ կայացնելիս, որոնք թույլ կտան ստեղծել համազգային իրավական դաշտ և հավասար հնարավորություն համայն հայության բոլոր մասերի օրինական շահերը պաշտպանելու համար:


իր անմիջական գործունեությամբ`
պաշտպանել ազգային շահերը միջազգային հարաբերություններում,
Հայաստանի ազգային շահերը միջազգային հարաբերություններում պաշտպանելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է ձևավորել ԵԱՀԿ մասնակից-պետությունների մոտ հստակ պատկերացում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագրերը չեն կարող ձեռք բերվել այնպիսի փոխզիջման ճանապարհով, որը հիմնված է Հայաստանի կողմից այդ պետությունների այն ինքնիշխան իրավունքների ճանաչման վրա, որոնք իրենք զավթել են ուժի միջոցով 1920 և 1991 թվականներին`ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:

Հակամարտության արդար կարգավորումն այժմ անհնար է ԵԱՀԿ հովանու ներքո վարվող բանակցություններում, քանի որ ի սկբանե Ադրբեջանը անօրինաբար իրեն է վերագրել ինքնիշխան իրավունքներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որոնց տիրապետումն իր համար անհնար է ըստ միջազգային իրավունքի: Պետական իշխանության այս բռնազավթումը մոլորեցրել է ադրբեջանական ժողովրդին, հանգեցրել պատերազմի և այժմ լուրջ խոչընդոտ է հանդիսանում մեր ժողովուրդների միջև խաղաղության վերականգնման համար:

Որպեսզի ԵԱՀԿ սկզբունքներն ու նորմերը կիրառելի լինեն հակամարտությունը կարգավորելու համար, Ադրբեջանը պետք է չեղյալ հայտարարի իր ազգային իրավական ակտերի այն դրույթները, որոնք հակասում են միջազգային իրավունքին և խախտում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական իրավունքները: Սա վերաբերում է Ադրբեջանի այն պետական որոշումներին, որոնք ժխտում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ օրենսդրությամբ պահպանված իրավունքը:

Հանրահայտ է, որ անցյալ դարի սկզբին Թուրքիան ուժի գործադրմամբ զավթել է ինքնիշխան իրավունքներ հայ ժողովրդի պատմական Հայրենիքի նկատմամբ: Այսօր Հայաստանը և Թուրքիան, ՄԱԿ կանոնադրության համաձայն, պարտավոր են համագործակցել միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտներում`խաղաղության, անվտանգության, միջազգային տնտեսական կայունության և առաջընթացի, ժողովուրդների ընդհանուր բարեկեցության և խտրականությունից զերծ միջազգային համագործակության նպատակով: Այս առումով առկա է 3 հանգուցային հարց, որոնց վերաբերյալ Հայաստանը և Թուրքիան պետք է համաձայնության գան, որպեսզի իրենց հարաբերությունները համապատասխանեցնեն միջազգային իրավունքի պահանջներին:

Առաջին՝ Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի հետ ազգամիջյան հաշտեցմանն ուղղված միջկառավարական համագործակցության, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան Կայսրությունում հայերի ոչնչացումը և տեղահանումը հանդիսացել է հանցագործություն մարդկության դեմ, ինչպես նաև, ներողություն խնդրի այդ պետական քաղաքականության զոհերի ժառանգներից` ցեղասպանության փաստի հերքմանն ուղղված իր գործողությունների համար:

Երկրորդ՝ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել գոյություն ունեցող սահմանների անխախտելիության մասին, եթե Թուրքիան ընդունի, որ անցյալում Հայաստանը բռնի ուժի գործադրման արդյունքում զրկվել է անկախությունից ու իր միջազգայնորեն ճանաչված տարածքից և, համաձայն 1982 թվականին ՄԱԿ ընդունած ծովային իրավունքի կոնվենցիայի, Հայաստանին տրամադրի երաշխավորված ելք դեպի ծով և տարանցիկության ազատություն:

Երրորդ՝ Հայաստանը կարող է բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան Կայսրությունից տեղահանված հայ փախստականների ժառանգները կարող են վերադառնալ իրենց պատմական Հայրենիք` անվտանգության և արժանապատվության հարգանքի պայմաններում, որպեսզի լիովին օգտվեն բնիկ ժողովուրդի բոլոր իրավունքներից, ներառյալ` ինքնորոշման իրավունքը, “Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին” 2007 թ. ընդունված ՄԱԿ հռչակագրի դրույթներին համապատասխան:

երաշխավորել հասարակությանը արդարացի իրավակարգի հաստատում,
Հասարակությանն արդար իրավակարգ երաշխավորելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է բարեփոխել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքը: Դրա համար անհրաժեշտ է, որ իրավապահ մարմիններում և դատական համակարգում աշխատեն Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր իրենց գործողություններում ղեկավարվում են բացառապես օրենքի գերակայության սկզբունքով և կոմպետենտ են օրենքի կիրառման հարցերում:

Հանրապետության Նախագահն իրավունք ունի հսկողություն իրականացնել իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեության նկատմամբ: Այս մարմիններում այսօր աշխատում է մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասի գործունեությունը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Հասարակությունը կարող է վստահել պետությանը միայն այն դեպքում, երբ ոստիկանի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնները զբաղեցնեն այնպիսի անձինք, որոնց ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը որևէ կասկած չեն հարուցում:

Վերոնշյալ բոլոր պաշտոնյաները պետք է անցնեն ազնվության ստուգում հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ: Նրանցից յուրաքանչյուրի անհատական գործունեությունը պետք է ստուգվի և ներառվի տվյալների հատուկ բազայում: Ելնելով այն բանից, թե ինչ որոշումներ են կայացրել այդ պաշտոնյաները և ինչպիսին է այդ որոշումների հետագա ճակատագիրը, կգնահատվի նրանց համբավը: Պաշտոնյաների գիտելիքը բացահայտելու նպատակով պետք է համակարգված անցկացվեն որակավորման ստուգումներ, որոնց արդյունքները կլինեն նրանց պաշտոնեական առաջընթացի միակ չափանիշը: Այս պաշտոնյաների աշխատանքի արդյունքը պետք է գտնվի մշտական վերահսկողության ներքո` տվյալների ավտոմատ հավաքման և պահպանման համակարգի միջոցով:

Հանրապետության նախագահը պարտավոր է ապահովել իրավապահ մարմինների և դատական համակարգի պաշտոնյաների գործունեության մշտական վերահսկողության մեխանիզմի կայուն աշխատանքը:

ամրացնել երկրի անվտանգությունը:
Երկրի անվտանգությունն ամրապնդելու նպատակով Հանրապետության Նախագահը պարտավոր է բարձրացնել պետության պաշտպանունակության աստիճանը և հետախուզական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը:

Դրա համար անհրաժեշտ է.

- կարճ ժամկետում բարելավել բարոյական մթնոլորտը Զինված Ուժերի շարքերում,

- բարձրացնել պրոֆեսիոնալիզմի աստիճանը զինված ուժերի անձնակազմի շարքերում,

- բարձրացնել պահեստազորի և քաղաքացիական պաշտպանության որակը,

- պայմաններ ստեղծել հետախուզական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար:

Հանրապետության Նախագահը պարտավոր է ամենշաբաթյա այցեր կատարել զորամասեր և ժամանակ անցկացնել անձնակազմի հետ` հնարավորություն ստեղծելով սպաների և զինվորների հետ ուղղակի և անմիջական շփումների: Բանակի մարտունակության բարձրացման նպատակով, անձնակազմի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա պետք է վերանայվեն և բարեփոխվեն բանակի գործունեությունը և ներքին կյանքը կարգավորող զինվորական կանոնադրությունները: Մարտական պատրաստության տեսանկյունից բոլոր առանցքային զինվորական պաշտոնները` զրահատեխնիկայի, հրետանու, ռմբակոծիչների, հակատանկային համակարգերի անձնակազմերը, ՀՕՊ համակարգը և այլք պետք է համալրվեն պայմանագրային հիմունքներով ներգրավված ռազմական մասնագետներով: Նաև, բացառապես պայմանագրային հիմունքներով պետք է համալրվեն սերժանտական պաշտոնները: Սերժանտական ինստիտուտի դերը պետք է էապես ամրապնդել: Սերժանտական կազմի հեղինակությունը բարձրացնելու նպատակով պետք է ստեղծել Զինված Ուժերի Գլխավոր Սերժանտի պաշտոն: Պահեստազորի և քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը լավագույնս իրականացնելու նպատակով պետք է որակապես բարեփոխել Զինված Ուժերի, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործողությունների համակարգումը:

Ազգային հետախուզական ծառայությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով, որը հնարավորություն կտա ընդլայնել պոտենցիալ հակառակորդի մտադրությունների և գործողությունների մասին երկրի ղեկավարության և բանակի տեղեկացվածության աստիճանը:

____

Հանրապետության Նախագահը պարտավոր է ծառայել հասարակությանը որպես համազգային ուժերի համակարգող այնպես, որ երկու տարվա ընթացքում մենք կարողանանք հաստատել.

- նոր քաղաքական կարգ պետության մեջ, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, արժանապատիվ գոյությունը և զարգացման հնարավորությունը,

- նոր տնտեսական կարգ երկրում, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ազգային եկամտի ստեղծմանը և իր բաժնեմասի արդար տիրապետումը՝ ներդրածին համապատասխան,

- նոր միջազգային կարգ տարածաշրջանում, որը երաշխավորում է յուրաքանչյուր հային պաշտպանություն ռասայական խտրականությունից և հնարավորություն է ստեղծվում նրա խախտված իրավունքների վերականգնման համար:

Եթե Դուք հավանություն եք տալիս այս ծրագրին, կարող եք միանալ մեր էջին Ֆեյսբուքում:

Եթե Դուք ցանկանում եք կարծիք հայտնել կամ առաջարկություն անել, կարող եք օգտագործել հետադարձ կապը կամ էլեկտրոնային փոստը` contact@andrias.am:

Ներբեռնել տեքստը